Արմինե Սարգսյան

Ծնվել է Երևանում, բայց մանկությունն անցել է զուգահեռ երկու քաղաքներում՝ Երևանում և Թբիլիսիում, հայրական ծննդավայրն իր տպավորություններն անշուշտ թողել է: Վաղ տարիքից սկսել է ստեղծագործել: Ողջ դասարանի համար ամեն օր հասցնում էր գրել շարադրություններ և սցենարներ: Առաջին անգամ տպագրվել է Միհր ամսագրում, որի խմբագիրը սիրված բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանն էր։ Ապա Նարցիս ամսագրում, Ցոլքերում, Գրական թերթում։ Անդին ամսագրում տպագրվելուց հետո ծնունդ է առնում առաջին գրքի հրատարակման գաղափարը՝ Ստեղնաշարից դուրս։ Ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, իսպաներեն և գերմաներեն լեզուներով: Անցյալ տարի տպագրվեց Անվերնագիր հուշեր երկրորդ ժողովածուն։ Ներկայումս աշխատում է երրորդ գրքի վրա։ Բնակվում և ստեղծագործում է Գերմանիայում։ Ունի երկու որդի։

- Ինչպե՞ս է սկսվում օրը:
- Օրվա սկիզբը բավական խորհրդանշական է ինձ համար, անկախ նախորդ օրն ինչ ավարտ է ունեցել: Նոր օրն ինձ համար նշանակում է Նոր Սկիզբ, Նոր Արև։
- Ի՞նչ մտքեր են պտտվում գլխում աշխատելիս:
- Մտքերը բզեզիկների պես չեն լռում, անկախ օրվա ժամից, վայրից, նրանք բզբզում են գլխիս մեջ, և այդ ամբողջ աղմուկը բալանսի է բերում երաժշտությունը, որն ինձ հետ է գրեթե միշտ։
- Հանգիստ եք, երբ...
- Հանգիստ եմ, երբ աղոթում եմ, երբ քայլում եմ ինքս ինձ հետ, երբ լսում եմ բնության ձայները։
- Ինչպե՞ս են անցնում երեկոները:
- Ինձ մոտ երեկոները գրչիս մոտենալու ժամանակներն են, երբ օրվա ռիթմից հետո ուղղակի լռել և գրքերին մոտենալ եմ ուզում։
- Ապագա պլանների մասին:
- Ապագայի պլանները շատ են, բայց ես միշտ առաջնորդվում եմ "Մենք պլանավորում ենք, Տերը ի կատար ածում " նշանաբանով, այդիսկ պատճառով կոնկրետ ոչինչ չեմ պլանավորում։
- Մարդկանց մեջ փնտրում եք:
- Մարդկանց մեջ փնտրում եմ մարդուն՝ խոհեմ, ազնիվ, բարի։
- Հավատում եք...
- Հավատում եմ Աստծուն, հավատում եմ Նախնիներիս նախախնամությանը, հավատում եմ սրտիս ձայնին։
- 3 նպատակ:
- Նպատակներիցս առաջնայինը տղաներիս համար լուսավոր ճանապարհ կերտելն է, երկրորդ նպատակս Երևանում Կանանց միջազգային Կազմակերպություն հիմնել է:
- Սերը նման է...
- Սերը նման է հենց ինքն իրեն՝ Սիրուն, անկախ նրանից ինչպես ես այն տեսնում, զգում, պահպանում և փոխանցում... ամենաբարդ արվեստն ինձ համար Սերն է։
- Հեռավորության մասին...
- Հեռավորության վրա կարող ես ավելի քան մոտ լինել, այն չի կարող խոչընդոտ լինել, եթե կան ամուր, զիլ հարաբերություններ։
- Մի անգամ խաբեցիք, որովհետև...
- Մի անգամ խաբեցի, որովհետև մանուկ էի և սուտը թվում էր այդ պահին միակ փրկության օղակը։ Անմեղ տարիքի քաղցր սուտ:
- Կարևոր զանգը...
- Կարևոր զանգը ամենասպասված մարդուց ճիշտ պահին կարող է սարեր շուռ տալ։
- Հարազատ անունը:
- Հարազատ անունը ծննդավայրիս անունն է ՝ Երևան: Աշխարհի որ անկյունում էլ գտնվեմ՝ Երևան լսելով մի այլ զգացում է պատում ինձ։
- Ներքին մենախոսությունը:
- Օհ, ներքին մենախոսությունը գրեթե օրվա յուրաքանչյուր ժամի ուղեկցում է ինձ, հաճախ սկավառակը ետ տանում, ապա առաջ և ստացվում է միշտ հանգիստ մոնոլոգ։
- Կարևոր դիալոգը:
- Կարևոր դիալոգները շատ են, բավական քիչ, բայց ընտրված մարդկանց հետ։ Դրանցում կա աղ ու հաց:
- Ամեն ինչ սկսվեց, երբ...
- Ամեն ինչ սկսվեց երբ հոգիս բացեց աչքերը։
- Ինքնաներշնչանքը:
- Ինքնաներշնչանքներին պետք չէ շատ մոտ թողնել, դրանք հիմնականում քարուքանդ անելու հատկություն ունեն։
- Պատասխանատվության զգացումը:
- Չափազանց խիստ: Կարծում եմ մարդը կամ ծնվում է դրանով օժտված, կամ էլ երբեք չի կարող ձեռք բերել։
- Ապրում եք ներկայով թե՞:
- Անցյալով երբեք չեմ ապրել, չգիտեմ ինչ է դա իրենից ներկայացնում: Ապագան հեռու է և անորոշ, ուստի ապրում եմ միայն ներկայով։
- Մանկության լուսավոր հիշողությունը:
- Մանկության լուսավոր հիշողություններս շատ վառ են և անչափ տաք...էս պահին միտքս եկավ մորս հետ գնացքով Կիևից Լյվով ճանապարհին բավական սոված էի ու մայրս իրեն բնորոշ միշտ մի փոքր ուտելու բան էր պահում ինձ համար, ձեռքս տալուն պես դիմացի ուկրաինացի երեխան եկավ ուզեց, առանց մտածելու տվեցի ու ողջ ճանապարհին ինձ պատեց գոհ մի զգացողություն։
- Ընկերների մասին:
- Ընկերներն իմ օդն են, իմ կյանքի շատ կարևոր մասնիկը... նրանք թե ազգությամբ, թե մասնագիտությամբ և թե կրոնով տարբեր են, բայց իմական են, իմ թանկ մարդիկ, որոնցից յուրաքանչյուրին մոտենում եմ մեծ պատասխանատվությամբ։
- Կյանքի լավագույն ակնթարթը:
- Կյանքիս լավագույն ակնթարթները շատ շատ են, կառանձնացնեի տղաներիս ծնունդը, առաջին գրքիս ծնունդը։
- Սիրելի փողոցը:
- Սիրելի փողոցն իմ ամենասիրելի քաղաքներից մեկի ՝ Համբուրգի կենտրոնական փողոցն է, որտեղ օդը լի է անսահման ազատությամբ։
- Հաճելի անակնկալը:
- Սովորաբար ես եմ սիրում անակնկալներ անել... հիշեցի մի քանի տարի առաջ մանկությանս ընկերուհուն Մոսկվայում ինչպես հանկարծակի անակնկալի բերեցի՝ իմ էնտեղ հայտնվելով։
- Երջանիկ լինելու համար...
- Երջանիկ լինելու համար ինձ քիչ բան է հարկավոր. սիրելի քաղաքում սիրելի մարդկանց հետ ապրել ու զբաղվել սիրելի մասնագիտությամբ:
- Թուլությունը:
- Կարծում եմ յուրաքանչյուր մարդ ունի մինիմում մի թուլություն, իմը չափազանց անկեղծ լինելն է։
- Ամենակարևոր խորհուրդը, որ երբևէ ստացել եք:
- Ամենակարևոր խորհուրդը լուսահոգի բանաստեղծ Վ. Վարդանյանից էր, ֊ "Շատ մի երևա, պետք չէ խավարին այդքան լույս, կկուրացնես..."
- Ինչո՞ւ հենց այս մասնագիտությունը։
- Չեմ կարծում, որ բանաստեղծ լինելը մասնագիտություն է, դա հոգում թաքնված լույսն է որը չի լինի ստվերում պահել։
- Ի՞նչ կուզենայիք տեսնել հայելում:
- Հայելում կուզենայի տեսնել ինքնաբավ Արմինեին. բնույթով մաքսիմալիստ եմ ու ինձնից բավականին պահանջկոտ։
- Վախերը:
- Վախերին բավական սեղմել եմ, վերացրել, բայց ահա գիշերով ծովափին վախենում եմ քայլել...
- Երազանքների մասին:
- Վաղուց արդեն կորցրել եմ երազելու հատկությունը, բավական ռեալիստ եմ.
- Ի՞նչ եք թողել անցյալում:
- Անցյալում թողել եմ մի ուրիշ Արմինե, թողել եմ կյանքի մի այլ հատոր, մի այլ դպրոց...
- Կարոտը նման է:
- Կարոտը նման է չվող թռչունի...ժամանակ առ ժամանակ կտցահարում է, թափահարում թևերը հոգու վրա ու չվում.......
- Ամենագեղեցիկ ժպիտը:
- Ամենագեղեցիկ ժպիտը հորս ժպիտն էր, այնքան ջերմ ու բարի, ում անչափ գեղեցիկ աչքերում ինձ ամենաապահովն էի զգում։
- Մի քիչ կպատմեք թռչելու մասին:
- Թռչելու համար խենթանում եմ: Հիշեցի, երբ առաջին անգամ ծովի վրայով թռա, ինչպես ճանաչեցի երկնքի և ծովի անսահման խորհուրդը:
- Կյանքի ամենամեծ դասը:
- Կյանքի դասեր շատ եմ քաղել։ Կարծում եմ ապրող մարդկանց համար կյանքն իր ճանապարհով մեծ համալսարան է, որտեղ միշտ կա ինչ-որ նոր քաղելու դաս։
- Հասցնու՞մ եք ապրել:
- Էնպես, ինչպես հոգիս է սավառնում, չեմ հասցնում դեռևս ապրել, կգա դրա ժամանակը։
- Հեքիաթների մասին…
- Հեքիաթներն ամենափափուկ սենյակներն են, որտեղ հարկավոր է հաճախ այցելել ոչ միայն որպես հեքիաթասեր, այլ նաև որպես հեքիաթաստեղծ։

Աղավաղված մշուշի մեջ
կան պատկերներ,
Կա անորոշ ու անհեթեթ բութ պատմություն.
Լուսապայծառ Շղարշապատ
Մի մանկություն...
Անզոր վիճակ,
Փնտրտուքներ,
Հետգրություն...


Հեռագրերս
ուղարկեցի երկինք
հասան,
Աստծուն հասան...
Կրակներս թեժ էին դարձել ՝
Չդիմացանք դրա տապին,
Չդիմացանք...
Հեռագրերս խնկարկեցի՝
Զեփյուռ դարձան,
Երկյուղ անցավ քարավանի անիվներով։
Իսկ մեր սերը
Մեր իսկ կյանքից
Թանկ էր այնքան,
Որ ձուլվեցինք
Ու հալվեցինք
Մենք ինքնակամ։

Ծով ես մեջս
Ծփում ես ու ծփծփում,
Արևագալ՝
Հասանելի ու ճկուն։
Քող ես վրաս,
Ծածկում ես ու ծակծկում,
Լուսնաքար ես՝
Օտար ծանոթ մի ապրում։
Տող ես, էջ ես
Գրում եմ քեզ ու
ջնջում...
Տակնուվրա,
Խառնաշփոթ ու բեկուն։

Արմինե Սարգսյան