Կին ես, թե՞ կրակ,
Գույներով քո տաք
Աղջիկ հեքիաթի
Մի կյանք ակնթարթ...

«Կնոջ անկյունը». մեր շարքի հյուրն է ժամանակակից գրող Արմինե Սարգսյանը: Այսօր կփորձենք բացահայտել մեր հերոսուհուն որպես կին:

Կինը սեր է, երբ... սիրվում է, և կրկնակի Սեր, երբ սիրում է:

Կինը գրում է, երբ... ապրում է անհայտն ու մոգականը, ապրում բառի ամբողջ ընկալմամբ։

Կինը դադարում է գրել, երբ... ուժասպառ է լինում, էներգիայի մեծագույն կորուստ է ունենում, երբ միայն շնչում է ։

Կինը չարանում է, երբ... կորցնում է բալանսը ներքին և արտաքին աշխարհների միջև, երբ ինքնախարազանվում է ու ընկնում այլևայլությունների մեջ։

Կինը ոգեշնչվում է, երբ… երբ հանձնվում է իր ասելիքին, միստիկ ուժով կարողանում է սավառնել։

Կինը երբեք չի անի… ստորություն, վերջին գրոշով կհեռանա, բայց հպարտ և ազնիվ, չի հավասարվի որկրամոլ սրիկաներին, կմնա վեհ ու իմաստուն ։

Կինը կհրաժարվի սկզբունքներից, երբ... կզգա ստեղծարար ազատությունը հայտնվել է շնչահեղձ կետում ու պիտի արագ, շատ արագ փրկել արվեստի բույրը՝ հանուն հոգու գույնի պահպանման:

Կին վախենում է, երբ… շուրջբոլորը սուտ է ու կեղծիք, ամենուր նախանձն է տիրում ու լույսի ուժի թրթիռներն սկսում են հեծկլտալ։

Կինը անպարտելի է, երբ... սովորում է ասել «Ոչ» ՝ հավատարիմ մնալով անձնական սկզբունքներին։

Կինը գեղեցիկ է ցտեսություն ասում, երբ... հասած պահի վերջին պատառիկին ժպտում է, որքան էլ ցավը դողդղում է սրտի թելերին ... ժպտում է ու լուռ հեռանում։

Կինը ժամադրության է Աստծո և սիրելիի հետ. որտե՞ղ առաջինը կհայտնվի... ժամադրություն Աստծո և սիրելիի միջև, միանշանակ ընտրում է Աստծուն, որից հետո պարզ է դառնում հասնել սիրելիին, թե՞...

Կինը, աղոթք է երբ… ներդաշնակ է ինքն իր հետ, իր արտաքին աշխարհի հետ, երբ խաղաղ է, ինչպես ամռան մեղմ զեփյուռն ու պայծառ արևածագը։

Արմինե Սարգսյանի առաջին՝ «Ստեղնաշարից դուրս» գիրքը լույս է տեսել 2015 թվականին, իսկ 2021 թվականին հրատարակվել է հեղինակի՝ «Անվերնագիր հուշեր» բանաստեղծությունների շարքը։

Բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, իսպաներեն և գերմաներեն լեզուներով։


Հղումներ